Log in
Լրահոս

Ռուսական հեռավոր գյուղերից մեկում, ուր փայտաշեն տները ներկված էին կապույտ կամ սպիտակ

Ռուսական հեռավոր գյուղերից մեկում, ուր փայտաշեն տները ներկված էին կապույտ կամ սպիտակ ,իսկ հաղարջի ու հապալասի թփերի մեջ խառնված ցանկապատերը կանաչ գույներով` օրը նոր էր բացվում: Գիշերվա անձրևից հետո օդում կանգնած էր խոնավության ու ցեխի հոտը: Այստեղից-այնտեղից կցկտուր մարդ ու անասունի ձայներ էին լսվում:Գյուղը արթնանում էր:
Մի խումբ տղաներ աշխատում էին շուտ վերջացնել կիսատ գործը: Արդեն հասցրել էին մի լավ քրտնել: Շտապելու պատճառը Նյուշա տատիկի թաղումն էր: Բոլորն էլ հայեր էին` խոպանչիներ; Մի հարկանի փոքր տներ էին կառուցում աղյուսից: Կառավարության որոշումն էր, ու թե ինչի համար` դա արդեն իրենց հետաքրքիր չէր;
Այդ օրը, չգիտես ինչու, բրիգադիր Արտոն բարկացած էր: Հետը խոսել չէր լինում: Օրը կեսօր էր դառել: Ոչ ոք չէր համարձակվում հիշեցնել Նըուշա տատիկի թաղման մասին; 
Երբեմն պատահում էր,որ տղաները սոված էին մնում: Նույնիսկ նրանցից մեկը մյուսներից թաքուն գորտեր էր հավաքել,մաշկազերծել, ավելորդ մասերը հեռացրել ու խորովածի տեսքով մատուցել ընկերներին` ներկայացնելով որպես թռչնի միս: Կերել են` գովելով համն ու հոտը; Դրանից ոգևորվելով, հեղինակը բացահայտել էր գազտնիքը, որը տղաների վրա էժան չէր նստել; Սկսել էին փսխել, փորլուծություն էր սկսվել…


Հանգուցյալը միշտ բարի էր գտնվել հայ տղաների հանդեպ: Մի օր կաթ, մի օր սեր կամ տնական ձու էր հյուրասիրում նրանց` ասելով.
--Еште родимые мои…
Չգիտես ծերությունից թե հիվանդությունից` տատիկն այնքան էր կքվել, նմանվել էր ստորակետի; Բարեկամները մի կերպ նրան տեղավորել էին ժանեկազարդ դագաղում` մեջքի տակ բարձիկներ շարելով:
Հարազատները անընդհատ ել ու մուտ էին անում տուն: Քաղաքից աղջիկն էր եկել` միջին տարիքի մի կին, բարձրակրունկներով, կարճ շրջազգեստով և ակնհայտ երևում էր, որ զսպված անհամբերությամբ է սպասում այս ամենի ավարտին: Գյուղի տարեցները նստել էին բակում շարված նստարաններին` փորձելով արևի տակ տաքացնել իրենց ծերացած ոսկորները;
Ուղղափառ քահանայի մեղրածոր ձայնը, բուրվառի զնգզնգոցը, խնկի անուշահոտը հուզել էին մարդկանց սրտերը, ստիպելով նրանց թաշկինակի ծայրով թաքուն սրբել աչքերը:
Դագաղը տնից դուրս հանեցին:
Ամենափոքրերը, որոնց Նյուշա տատիկի գրպաններից շատ անգամ էր կոնֆետ հասել, դաշտային ծաղիկների փնջերով վազում էին համեստ թափորի կողքից` աշխատելով խուսափել տեղ-տեղ հանդիպող ջրափոսերից: Երկու տղամարդ ետ էին մնացել ու դժվարությամբ էին քայլում` չգիտես ինքնաքաշ օղուց, թե կպչուն ցեխից…
Մինչ գերեզմաններ հասնելը, պետք է իջնեին մի փոքր բլրակից, որը գիշերվա անձրևից դարձել էր լպրծուն ու վտանգավոր:
Դագաղը պահող առաջապահներից 18-ամյա թոռան` Սաշայի ոտքը սայթաքեց: Հավասարակշռությունը խախտվեց և տատիկի դագաղը ձեռքներից դուրս պրծավ: Չհասցրեցին բռնել, և այն բլրից սահեց ցած: Դագաղի միջից բարձերը թափվեցին և մահացածի դիրքը փոխվեց:
Հրաչիկը, Սաքոն , Մանուկը և մյուսները դեռ լարված աշխատում էին, երբ Մարտունի անբնական գոռոցը և սփրթնած դեմքը նրանց ստիպեց ետ նայել:
Առաջինը, որ տեսան` դա ընթացող դագաղի մեջ նստած սևազգեստ պառավն էր…
Ով ինչպես կարողացավ` ճանապարհին պատահածը ոտքի տակ տալով` փախավ: Սաքոն ճակատով խփեց պատից կախված տախտակին և փռվեց հենց նոր բացված շաղախի մեջ: Մանուկը հետո պիտի նկատեր, որ դույլը հագել է ոտքին ու այդպես է փախել: Կարոն, ինքնաբերաբար, թռչեց տակը, իսկ Հրաչիկի ոտքերը կարծես փայտացել ու կպել էին գետնին: Ոչ մի կերպ չէր կարողանում շարժվել: Լայնացած բիբերով նայում էր դագաղով ուղիղ իր վրա եկող պառավին ու բան չէր հասկանում…
Ավելի ուշ, երբ տեսան հարայ-հրոցով, ետևից սայթաքելով , ընկնել-վեր կենալով վազող մարդկանց, դժվարությամբ, բայց հասկացան տեղի ունեցածը…
Այդ դեպքը երկար ժամանակ մնաց հավաքույթներում ասուխոսի առարկա` առաջացնելով ներկաների անզուսպ քրքիջը: Իսկ Հրաչիկը, դեռ ամիսներ շարունակ պիտի տեսներ սևազգեստ պառավի տեսիլքն ու փշաքաղվեր…

 

Հեղինակ ՝ Ջավահիր

10°C

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

Mostly Cloudy

Humidity: 80%

Wind: 3.22 km/h

  • 24 Mar 2016 19°C 9°C
  • 25 Mar 2016 23°C 8°C