Log in
Լրահոս

Մի գրազի պատմություն

1948 թվականն էր: Հետպատերազմյան հայկական խուլ գյուղերից մեկում մարդիկ փորձում էին թոթափվել պատերազմի ծանր հետևանքներից:
Ամենուրեք ծայրահեղ աղքատություն էր, թշվառություն…
Կոլնտնտեսության ակտիվիստ, կուսակցական Գյոզալի ընտանիքը ոչնչով չէր տարբերվում գյուղի մնացած ընտանիքներից, թեև նրա եղբայրը գյուղի նախագահն էր: Նա էլ, ինչպես մնացածը, երբ տեսնում էր, որ սոված են և ուտելու բան չկա` կոլտնտեսության դաշտերից եգիպտացորեն էր գողանում, աղում, հաց անում, որ երեխաները սովամահ չլինեն:


Երեք երեխա ուներ: Մեծը` Շուրիկը, արդեն քսանչորս տարեկան էր: Մարոն վաղ էր ամուսնացել և ապրում էր քաղաքում: Թելմանը ինը տարեկան էր: Տան հայրը` Բախշին, մի փոր հացի աշխատում էր Ղազախում: Երևի դա էր պատճառը, որ Գյոզալը իր վրա էր վերցրել և կնոջ, և տղամարդու պարտականությունները և կրակի պես վառվում էր երեխաների համար…
Շուրիկն աչքի էր ընկնում իր անսովոր ուժով, գեղեցկությամբ ու բարձր հասակով: Շիկահեր էր, խաժ աչքերով: Քնած ժամանակ ոտքերը չէին տեղավորվում մահճակալին: Որպես մահճակալի շարունակութըուն` փայտե, ինքնաշեն աթոռ էին դնում, որ ոտքերը չկախվեն: Նախանձելի փեսացու էր, բայց նրա ամուսնության մասին խոսք լինել անգամ չէր կարող: Հազիվ ապրում էին: Ճիշտ է, աշխատում էր կոլխոզում, բայց եկամուտը շատ չնչին էր: Այսինքն` ժամանակ չէր եղել Շուրիկով զբաղվելու: Գյոզալը նաև տագրոջ երկու աղջիկներին էր ամուսնացրել, որոնց տաս-տասերկու տարեկանից ինքն էր պահել, մեծացրել, երբ նրանց մայրը լքել ու հեռացել էր` չդիմանալով չքավոր ու ծանր կյանքին:
Ազատ ժամերին գյուղամիջում ջահելներով հավաքվում էին իրենց ծիծաղով, կատակներով ու խաղերով մի փոքր ցրում էին այն մռայլությունն ու գորշությունը, որը սև ամպի նման կախված էր գյուղի վրա: 
Գյուղամիջում մի հաստ գերան կար ընկած, որի վրա և նստում էին տղաները.
-Տղերք, ով կարա էս գերանը բարձրացնի այ էն բլրի վրա,- հանկարծ, չգիտես որտեղից, Գարոյի գլխում միտք հղացավ:
-Ձեռ էս առնում: Ոչ-ոք,- շտապեց արձագանքել Ստեփանը:
-Պահ, բան ասիք: Շուրիկի մկանները ունենայի, բա չէի տանի,- միամիտ դուրս տվեց Մկոն, որի մականունն էլ հենց ,,միամիտ,, էր:
-Իսկի Շուրիկի նմանը չի կարա տանի:
-Կտանի:
-Հըն, Շուրիկ, ինչ ես ասում, կտանես:
-Կտանեմ,- միանգամից պատասխանեց հաղթանդամ երիտասարդը:
Նախ` գրազ եկան, գրազն էլ մի ղոչ էր` կարմիր ժապավենը պոզին:
Տղան արդեն մտովի տեսնում էր ղոչը տուն տանելիս և տնեցիների ուրախությունից փայլող աչքերը…
Տղերքի հարայ-հրոցի տակ Շուրիկը ուսը դեմ տվեց գերանին, ոտքերը ամուր սեղմեց հողին ու պոկելով գերանը գետնից` դանդաղ շարժվեց դեպի բլուրը:
Քրտինքը ծակծկում էր աչքերը, ոտքերը դողում էին, բեռը ծանր էր, բայց կարմիր ժապավենով ղոչի միտքը շատ գրավիչ էր…
Գերանը գցեց բլրի գագաթին ու տղաների նախանձախառը, հրճվագին գոռոցների տակ ծնկները ծալվեցին…
Մի կերպ հասցրին տուն: Ընկավ անկողին: Գյոզալը ճշմարտությունն ուշ իմացավ:
Օր-օրի տղայի վիճակը ծանրացավ : Երևի ողնաշարն էր վնասվել, ով գիտե…
-Ինչ կուզես, բալե~ս,-մղկտում էր Գյոզալը` չոքած մահճի առաջ:
-Չեմ ուզում, ոչ մի բան չեմ ուզում,- տնքում էր տղան:
-Վա~խ, տունս քանդվե~ց:
Ծնկներին էր զարկում խեղճ կինն ու քիչ էր մնում անզորությունից ցնորվեր: Սարի պես տղան աչքի առաջ անօգնական պառկած էր ու ինքր ճար ու ճամփա չգիտեր:
Ութ ամիս շրջանային հիվանդանոցում պառկած մնաց Շուրիկը` մոր խնամքի տակ և հույս չկար…
Երբեմնի Ապոլոնից բան չէր մնացել…
-Ամա~յ, բարձիս տակ միս կա փաթաթած, դրած, ղոչի մսից ա, հրե~ն, ճոթը երևում է տուր ուտեմ,- զառանցում էր հիվանդը:
Գյոզալը փութով բարձրացրեց բարձը` մի պահ հավատալով, որ այնտեղ միս կա:
Խելքը գցում էր երևի…
-Ամա~յ,-տնքաց Շուրիկը:
-Ջա~ն, բալե~ս,-ծկլթաց Գյոզալը:
-Գաթա եմ ուզում, քո թխած գաթեն:
-Վա~խ, քոռանա~մ բալե~ս,- մղկտաց մայրը:
-Թող լույսը բացվի,- խոստացավ նա:
Գյոզալը չհասցրեց գաթան թխել:
Շուրիկի համար էլ լուսաբաց չկար…

Շատ տարիներ անցան: Գյոզալի ընտանիքը վաղուց էր տեղափոխվել քաղաք: Քաղաքի մեծահարուստներից մեկն էին դառել, ոչնչի կարիք չունեին: Փա~ռք Աստծո…
Բարեկամությունը մեծ էր և տարբեր առիթների դեպքում` լիներ ուրախ, թե տխուր, Գյոզալի կարիքը շատ էին զգում: Խոհարարի ծանր պարտականությունը միայն նրան էին վստահում:
Շատ անգամ էր գաթա թխել, բայց ոչ մի անգամ մի պատառ գաթա չդրեց բերանը.
-Իմ Շուրիկը գաթա ասելով գնաց,- տնքում էր Գյոզալը, չորացած ձեռքերով սրբելով արցունքից վաղուց ցամաքած աչքերը…

 

 

 

  Հեղինակ ՝ Ջավահիր

10°C

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

Mostly Cloudy

Humidity: 80%

Wind: 3.22 km/h

  • 24 Mar 2016 19°C 9°C
  • 25 Mar 2016 23°C 8°C